«Մենք գնում ենք բոլոր համայնքների հանրապետականացման». Մանե Թանդիլյան
«Մենք տեսնում ենք, որ միջհամայնքային միավորումը վերցնելու է ավագանու գործառույթներ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի մասին:
Նրա խոսքով՝ այս միավորումները կարծեք թե ստեղծվում են կամավոր սկզբունքով, որը մեր երկրում ակնհայտ դառնում է պարտադիր. «Համայնքի ղեկավարները շատ հաճախ հենց ՀՀԿ-ական են լինում, կամ՝ նրանց սատարող անձինք, և ավագանու մեծ մասը նույնպես սատարում է ՀՀԿ-ին, կամ՝ հանդիսանում է ՀՀԿ-ական: Այսինքն՝ ունենալու ենք միջհամայնքային միավորումներ, որտեղ համայնքների ղեկավարները լինելու են ՀՀԿ-ական, և մեկ ավագանի, որը նույնպես պետք է ընտրվի այդ ավագանու մեջից: Եվ մենք ունենալու ենք միջհամայնքային միավորումներ, որտեղ լինելու են տոտալ ՀՀԿ-ական կարծիքի կամ տեսակետի ավագանիներ:
Ըստ էության, մենք ընդդիմության ձայնը համայնքներում ընդհանրապես լռեցնում ենք: Ու որևէ այլ կարծիք համայնքներում չի լսվելու, որևէ ընդդիմախոս տեսակետ չի լսվելու: Մենք գնում են բոլոր համայնքների հանրապետականացման: Եթե համայնքի ղեկավարն իշխող խմբակցությունից է, ուրեմն՝ ավագանին պետք է ընտրվի ընդդիմության ներկայացուցիչների միջից, այլապես կունենանք միատարր միավորումներ»: