
«Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս վաճառակետեր ունենանք. կարծում եմ, առաջինը Երևանում կլինի»

Ֆրանսահայ գործարարը նպատակ ունի ավելացնելու իր վաճառակետերի թիվն ամբողջ աշխարհում:
Զուգագուլպաների, լողազգեստի և հագուստի համաշխարհային «Farell» ապրանքանիշի համահիմնադիր Գոռ Հարոյանը հուսով է, որ 2018 թվականը բեկումնային կլինի իր ապրանքանիշի համար: Ապրանքանիշն արդեն մոտավորապես 300 վաճառակետ ունի ամբողջ աշխարհում:
Հարոյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին իրենք ուսումնասիրություններ են կատարում նոր շուկաներ գտնելու ուղղությամբ:
«Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս վաճառակետեր ունենանք, կարծում եմ, առաջինը Երևանում կլինի: Ամեն տարի նոր ծրագրեր ենք նախատեսում ու փորձում ենք դրանք կյանքի կոչել, այս տարին նույնպես բացառություն չէ»,- նշեց Գոռը:
Գոռը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո իրենց ընտանիքի հետ մշտական բնակության է տեղափոխվել Ֆրանսիա: Այստեղ սովորել է քոլեջում, բարձրագույն կրթություն ստացել բիզնեսի կառավարում մասնագիտությամբ: Այնուհետև Գոռն իր ընկերոջ հետ հիմնել է զուգագուլպաների ապրանքանիշը, որը կարճ ժամանակամիջոցում մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆրանսիայում: Հետագայում, բացի զուգագուլպաներից, սկսել է արտադրել նաև լողազգեստներ, աքսեսուարներ:
Արմենուհի Մխոյան