Երևանի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների համար նոր շենք կկառուցվի
Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենք կկառուցվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի 2018 թվականի բյուջեի նախագծով բնակարանային շինարարություն բաժնում հատկացվող 470 մլն դրամից՝ 450 մլն դրամը նախատեսված է բազմաբնակարան շենքի կառուցման համար: «Այն կկառուցվի նախկին վթարային շենքի փոխարեն եւ կհատկացվի վթարային շենքի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով»,-տեղեկացրին քաղաքապետարանից:
Ժամանակակից եւ զարգացած քաղաքի դիմագծի կարեւոր բաղադրիչը այդ քաղաքի բնակիչների արժանապատիվ կյանքի բավարար պայմաններն են, ինչը ենթադրում է որակյալ կոմունալ ծառայությունների մատուցում, հարմարավետ շենքային պայմանների ապահովում եւ այլն։ 2017 թ. Երեւանի քաղաքային իշխանությունները հետեւողականորեն շարունակել են կոմունալ տնտեսության բարեփոխմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես՝ բնակելի ֆոնդի շենքային պայմանների բարելավումը, Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի հիմնանորոգումն ու արդիականացումը։
2017 թվականին համատիրությունների հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են Երևանի բազմաբնակարան շենքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվել է 1103 շենքերի շուրջ 95 000 քմ մակերեսով հարթ տանիք: Մասնակի նորոգվել է 1223 շենքերի շուրջ 45 000 քմ մակերեսով թեք տանիք: Բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների փլուզումները կանխելու նպատակով նորոգվել եւ ամրացվել է 69 շենքի 166 վթարային պատշգամբ: