Բաժիններ՝

Խելացի դրամապանակ, օրորոց, ինտերակտիվ շապիկ. Հայկական 5 խելացի գադջետներ

Հայկական ընկերությունները պարբերաբար ներկայացնում են նոր ու հետաքրքիր հավելվածներ, ստարտափներ և նախագծեր: Սրանց կողքին կան նաև հայկական արտադրության շատ խելացի գադջետներ: 168.am-ը առանձնացրել է դրանցից 5-ը:

1. Խելացի օրորոց

2017-ի ավարտին ներկայացվեց առաջին հայկական խելացի օրորոցը՝ Cribby-ն: Իր լուծումներով և տեխնիկական հագեցվածությամբ օրորոցն առաջիններից է նաև աշխարհում:

Օրորոցը թույլ կտա ծնողներին սմարթֆոնի միջոցով ծանոթանալ երեխայի ակտիվությանը, իմանալ, թե երբ է նա լաց լինում, շարժվում: Տեսախցիկի միջոցով ծնողները կարող են հետևել երեխային: Երբ ծնողը հեռու լինի, օրորոցը կարող է հեքիաթ պատմել երեխային, ընթերցել աուդիոգրքեր, միացնել երաժշտությունը: Օրորոցի ձայնադարանում արդեն իսկ կան տարբեր ազգությունների երգեր՝ հայկական, նորվեգական, ռուսական, բրազիլական, պարսկական, արաբական և այլն: Օրորոցին կցված խնամքի սեղանի վրա կարելի է կշռել երեխային՝ հետևելով աճին:

Երեխայի աճին կարելի է հետևել նաև ամպային պահոցների միջոցով, որտեղ հավաքագրվելու են երեխայի մասին տվյալները: Օրորոցի համակարգն օրվա ընթացքում կարող է նկարել երեխային հարյուրավոր անգամ և տրամադրել ծնողներին այդ նկարները պահպանման համար:

2. Խելացի ժամացույց

Խելացի ժամացույցի օրինակներ աշխարհում շատ կան: 2016 թվականի դեկտեմբերից շուկայում առկա է նաև «Technology & Science Dynamics TSD» ընկերության կողմից ներկայացված առաջին հայկական խելացի ժամացույցը՝ TSD Flex Smart Watch-ը:

Խելացի ժամացույցն ունի ժամանակակից տեսք, կարողանում է փոփոխել ինտերֆեյսի գույնը՝ կախված հագուստից, թույլ է տալիս զանգեր ընդունել, ինքնանկարներ անել, և այլն: Հեղինակները նշում են, որ ժամացույցն ամբողջությամբ ստեղծվել է հայ մասնագետների կողմից:

Առաջին հայկական խելացի ժամացույցն ունի բավականին բարձր պարամետրեր՝ HD էկրան, 1,3 ԳՀց հաճախականությամբ MTK6580M պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն, ներքին 8 Գբ հիշողություն, 5 Մպ տեսախցիկ և մարտկոցը՝ 400 մԱ/ժ: Ժամացույցն աշխատում է Android 5.1 օպերացիան համակարգով: 65 գրամ կշռող ժամացույցը հնարավորություն ունի միանալու wifi ցանցին:

3. Ճախրող խելացի տեսախցիկ

Լուսնի տեսք ունեցող Moon տեսախցիկն ունի անլար լիցքավորում, բազմաթիվ սենսորներ և կարող է դառնալ տնային օգնական:

Տեսախցիկի միջոցով կարելի է կարգավորել տան լուսավորությունը, օդի խոնավությունը, ջերմաստիճանը, ինչպես նաև իմանալ, թե ով է մտնում տուն, ինչ ձայներ են լսվում տանը, և այլն:

Տեսախցիկը կարող է պտտվել 360 աստիճանով և հետևել ամբողջ տանը:
Տեսախցիկն ունի 5 մեգապիքսելանոց CSMOS-սենսոր, բարձախոս՝ուժեղացուցիչներով, խելացի սենսորների մի ամբողջ հավաքածու, որոնց թվում՝ ջերմաստիճանի և օդի խոնավության, ինչպես նաև լուսավորության սենսորներ:

Տեսախցիկը հավաքագրում է տվյալներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն տանտիրոջը, այլև տեխնիկական միջոցները կառավարելու համար: Տեսախցիկը հագեցած է Bluetooth 4.2-ով և կարող է միանալ տան տեխնիկային՝ տան լուսավորությունը, ջերմաստիճանը կարգավորելու համար: Տեսախցիկը կարելի է կառավարել տանից բացակայելու դեպքում, և անգամ հեռու գտնվելու դեպքում իմանալ, թե ինչ է կատարվում տանը: Տեսախցիկը մեծ հետաքրքրություն էր առաջացրել IndieGoGo հարթակում՝ ստանալով ներդրումներ:

Gepostet von Moon by 1-Ring am Dienstag, 14. November 2017

4. Խելացի դրամպանակ

IndieGoGo հարթակում հսկայական հետաքրքրություն էր առաջացրել նաև հայկական Volterman խելացի դրամապանակը: Կարճ ժամանակում դրամապանակը ստացավ մի քանի անգամ ավելի շատ ներդրումներ, քան սկզբնական նպատակն էր: Քրաունդֆանդինգի մեկնարկից 20 օր անց հայկական դրամապանակը ստացել էր արդեն 1000 % ներդրում:
Հայկական խելացի դրամապանակը կոչում են նաև աշխարհի ամենահզոր դրամապանակ: Այս դրամապանակը գրեթե անհնար է կորցնել՝ իր մի շարք հատկանիշների շնորհիվ:
Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը:

Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, դուք կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն: Այս խելացի դրամապանակը Bluetooth alarm-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սմարթֆոնի և դրամապանակի միջև հեռավորությունը շատ է մեծանում:

Եթե ձեր դրամապանակը գողանան, ապա դուք հեշտությամբ կարող եք իմանալ, թե ով է դա արել: Դրամապանակն ունի լուսանկար անող համակարգ՝ Thief Detection camera, որը նկարում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացում է այն: Նկար անելու հնարավորությունն ավտոմատանում է, երբ ակտիվացնում եք lost mode-ը: Դրամապանակը բացած անձի նկարը հաղորդագրության տեսքով գալիս է սմարթֆոնին:

Հաճախ սմարթֆոնի լիցքավորումն ավարտվում է ամենաանհրաժեշտ պահին: Խելացի դրամապանակի շնորհիվ դուք կարող եք լիցքավորել ձեր հեռախոսը ցանկացած պահի՝ անլար և լարային ռեժիմներում: Բացի այդ, Global WiFi hotspot-ի միջոցով դուք կարող եք օգտվել վայ-ֆայից ցանկացած վայրում:

Gepostet von Volterman Smart Wallet am Samstag, 29. Juli 2017

5. Ինտերակտիվ շապիկներ

2017 թվականի ամռանը հայկական APLOOPA ընկերությունը շապիկներ արտադրող Shabeeg բրենդի հետ ներկայացրել էր առաջին ինտերակտիվ շապիկները՝ անիմացիայով և կրթական բովանդակությամբ:

ARLOOPA հավելվածի օգտատերերը կարող են այն պահել շապիկի նկարի վրա, որից հետո շապիկի նկարը կվերափոխվի անիմացիայի, ինչպես նաև կներկայացվի նկարի հերոսը:
X-TECH ընկերության հիմնադիր, ARLOOPA ընկերության համահիմնադիր և տնօրեն Արման Աթոյանը դեռևս ամռանը նշել էր, որ շապիկները կարող են նաև արտահանվել:
ARLOOPA-ում նշում են, որ այս շապիկները միացրել են մի քանի ոլորտներ՝ տեքստիլ արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս