ԱԱԾ-ն զգուշացնում է. սոցիալական ցանցերի միջոցով խարդախության փորձեր են իրականացվում

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ վերջին ժամանակներս odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ, մասնավորապես` նրանց կողմից ընտրվում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուսումնասիրվում վերջիններիս կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը:

Այնուհետև, կեղծ էջի միջոցով շփում հաստատելով օգտատիրոջ հետ ու համոզվելով, որ վերջինս չի հասկացել, որ էջը կեղծ է, հայտնում են, որ ցանկանում են անակնկալ մատուցել՝ գումարի տեսքով, և դրա համար բանկային քարտի տվյալներ են անհրաժեշտ ու խնդրում են հայտնել որևէ քարտի 16 նիշանոց հաշվեհամարը և եռանիշ /CVV/CVC/ կոդերը, որոնց միջոցով հաշիվներում առկա գումարները լրիվությամբ հափշտակում են:

«Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում համացանցի միջոցով չտրամադրել Ձեր բանկային տվյալները ուրիշներին: Վերը նշված իրավիճակում հայտնված անձանց խնդրում ենք դիմել ԱՀ ԱԱԾ, կամ զանգահարել՝ (047) 94-41-26, (047) 94-92-43 հեռախոսահամարներով»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս