Ի՞նչ ազդեցություն կունենա բարձր ջերմային ֆոնը գյուղատնտեսության վրա. պարզաբանում է մասնագետը

Հունվար ամսին հաստատված բավականին բարձր ջերմային ֆոնը և առանց տեղումների եղանակը մտահոգիչ են և բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի վրա:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ նախարարության համապատասխան մասնագետները պարբերաբար տեղերում ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացնում. հիմնականում տուժում են գարու ցանքերը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մկնանման կրծողները կարող են զարգանալ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ և պայքարի աշխատանքներ են իրականացվել և նվազեցվել է վտանգը: Հայտնաբերվել են նաև գնայուկ բզեզով վարակված օջախներ. վնասատուն ունի որոշ առանձնահատկություններ՝ կապված կոնկրետ ջերմաստիճանի հետ: Եթե ցածր ջերմաստիճան է լինում, ինքն իր ակտիվությունը նվազագույնի է հասցնում և վնաս չի պատճառում, սակայն բարձր ջերմաստիճանային ֆոնի դեպքում, հատկապես հարթավայրային գոտում շարունակում է վնաս պատճառել: Հողօգտագործողների կողմից, կախված ջերմաստիճանի և օգտագործվող թունանյութի տեխնիկական բնութագրից, իրականացվել են սրսկումներ, և արձանագրվել են դրական արդյունքներ: Այդ առումով ևս վնասի չափը նվազագույնի է հասցված»,- նշել է Վ. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ, ջերմաստիճանից կախված, հնարավոր է վնասատուների ակտիվություն լինի հացահատիկային մշակաբույսերի դաշտերում:

Փոխնախարարի խոսքով՝ պտղատու այգիների մասին խոսելը դեռևս վաղ է:

«Վերջին մի քանի օրերի տեղումները և ջերմաստիճանի նվազումը դրական ազդեցություն թողեցին: Տուժված՝ հիմնականում գարու ցանքատարածքները լրիվությամբ ոչնչացված չեն՝ ներկայումս դեռ վերականգնելու հնարավորություն այդ դաշտերում կա՝ սնուցումներ, մոլախոտերի և վնասատուների դեմ պայքար իրականացնելով: Թփակալման հանգույցը դեռևս ամբողջովին ոչնչացված չէ»,- ասել է Վ. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ առաջիկա մի քանի օրերին կանխատեսվող բարձր ջերմաստիճանը նոր վնասներ չի հասցնի, քանի որ օրվա միջին ջերմաստիճանը ցածր է: Այս առումով մեծ նշանակություն ունի նաև օդի հարաբերական խոնավությունը, որը գտնվում է թույլատրելի մակարդակի վրա:

Փոխնախարարը նշել է նաև, որ բարձր ջերմաստիճանի հետևանքով տուժված ցանքատարածքների բերքատվությունը որոշակի կնվազի:

Տեսանյութեր

Լրահոս