«Ես ամեն ինչ անում եմ անձնական շահագրգռվածությամբ». Միհրան Պողոսյան
Այսօր ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին, որով օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացուն տարկետում է տրվում մինչև ուսումնառության օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:
Լրագրողների հետ զրույցում Մ.Պողոսյանը հերքեց, որ նախագիծը հանուն իր երեխաների է մշակել:
«Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն: Իմ երեխաները և՛ դպրոցական տարիքի են, և՛ աղջիկս սովորում է Ամերիկյան համալսարանում: Պետք չէ մասնավորեցնել դեպքերը»,- ասաց Մ.Պողոսյանը:
Ըստ նրա` կա 18 տարեկան լրացած երեխաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում և, չավարտած կրթական հաստատությունը, գնում են բանակ: Պողոսյանը նշեց, թե ՀՀ-ում երեխաները չունեն այդ խնդիրը, քանի որ տարկետում են ստանում:
«Անձնական շահագրգռում կա, որովհետև ունեմ 57 հատ դիմում Մասիվից: Ես ամեն ինչ անում եմ անձնական շահագրգռվածությամբ: Որպես ԱԺ պատգամավոր՝ իմ հետևը կան կանգնած քաղաքացիներ»,- հավելեց նա: