Մոսկվայի դատարանն օրինական ճանաչեց Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը
Մոսկվայի Կունցեւյան դատարանն օրինական է ճանաչել դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը. վերջինս ավելի վաղ բողոքարկել էր ամուսնալուծությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ցիմբալյուկի փաստաբան Լարիսա Շիրոկովան:
«Կունցեւյան դատարանը մեր վճռաբեկ գանգատը թողել է առանց փոփոխությունների: Ապահարզանն օրինական ուժ է ստացել»,-ասել է փաստաբանը, հավելելով, որ այդ որոշումը բողոքարկելու է վճռաբեկման կարգով: Ջիգարխանյանի փաստաբանների միջնորդությամբ դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան անձամբ ներկա է եղել իր բողոքի քննությանը:
Լարիսա Շիրոկովայի խոսքով՝ գանգատը տրվել էր այն բանի կապակցությամբ, որ ամուսնալուծության գործընթացում վստահված անձը՝ Էլինա Մազուրը, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային չի պարզաբանել «կողմերի հաշտեցման համար սահմանված ժամկետի օգտագործման» նրա իրավունքները:
Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանը պաշտոնապես ձեւակերպվել էր անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Ռոմանովսկայան չէր առարկում ամուսնալուծման գործընթացին: Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքով՝ նախկին ամուսինների միջեւ մնացել էին գույքային վեճեր: Պաշտոնապես ամուսնությունը կնքվել էր 2016 թվականի փետրվարի 25-ին: