
Բանաստեղծուհի Հելեն Դանմորը հետմահու «Կոստա»-ի գլխավոր մրցանակին է արժանացել տարվա լավագույն գրքի համար

Բրիտանացի բանաստեղծուհի, գրող եւ մանկական գրքերի հեղինակ Հելեն Դանմորը (1952-2017) հունվարի 30-ին «Կոստա» (Costa Book Award) գրական մրցանակին է արժանացել 2017 թվականի լավագույն գրքի համար:
Այդ մասին հայտնել է մրցանակի կայքը: Լավագույն գիրք է ճանաչվել Դանմորի Inside the Wave (թարգմանվում է՝ «Ալիքի ներսում» կամ «Ալիքի մեջ») բանաստեղծությունների ժողովածուն, որը գրվել է նրա կյանքի վերջին շաբաթներին: Գրողը, որի մոտ ուռուցքային հիվանդություն էր ախտորոշվել, մահացել է անցած տարվա հունիսի 5-ին:
Դանմորը դարձել է «Կոստա»-ի գլխավոր մրցանակի երկրորդ հետմահու դափնեկիրը պոետ Թեդ Հյուզից (1930-1998) հետո: 30 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 42 հազար դոլար) պարգեւը Լոնդոնում մրցանակի հանձնման արարողությանն ստացել են բանաստեղծուհու ամուսինը՝ Ֆրենք Չառնլին, եւ նրա երեխաները՝ որդին՝ Պատրիկը եւ դուստրը՝ Թեսը:
«Կոստա» գրական մրցանակը, որը մինչեւ 2006 թվականը կոչվումէր Ուիթբրեդյան մրցանակ (Whitbread Book Award)՝ սկսած 1971 թվականից ամեն տարի շնորհվում է արդեն ավելի քան չորսուկես տասնամյակ: Դրան կարող են հավակնել Բրիտանական կղզիների, այսինքն երկու երկրների՝ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի գրողներն ու բանաստեղծները:
Մրցանակն առավել հեղինակավոր պարգեւներից մեկն է համարվում անգլալեզու գրականության բնագավառում եւ շնորհվում է Մեծ Բրիտանիայի Գրավաճառների ասոցիացիայի կուղմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: