Նիդեռլանդական կողմը հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսությամբ. մշակվում են նոր ներդրումային ծրագրեր

«Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Նիդեռլանդների վարչապետի հանդիպումից հետո ՀՀ գյուղնախարարի հետ արդեն իսկ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցել է «Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» ընկերության գործադիր տնօրեն Մորիս Փ․Քերենսը, ում հիմնադրած կազմակերպությունն արդեն մի քանի տարի է գործունեություն է իրականացնում Հայաստանում. «Ներդրումներն իրականցվել են թռչնաբուծության, խոզաբուծության և կերարտադրության ոլորտներում»։

«Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» կազմակերպությունը հոլանդական սարքավորումներ արտադրող խոշոր կազմակերպություն է, որը ծառայություններ է մատուցում Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում և Կովկասյան տարածաշրջանում։ Կազմակերպությունը ներդրումներն իրականացնում է ինչպես՝ սեփական միջոցներով, այնպես էլ՝ հոլանդական կառավարության ֆինանսավորմամբ։

«Քննարկման հիմնական առարկան «Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» ընկերության հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերի մշակումն էր, ինչը հնարավորություն կտա վերոնշյալ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավել»,- ասաց Անի Սմբատյանը։

Գյուղատնտսության նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ այս գործընթացում Մորիս Քերենսն ընդգծել է պետության հետ համագործակցելու կարևորությունը. «Ներդրումային ծրագրերը նախատեսում են, որ և՛ հոլանդական, և՛ հայկական կողմերը ներգրավված լինեն յուրաքանչյուր ծրագրում։ Պայմանավորվածության համաձայն՝ «Հոլանդ Թրեյդ Սըփփորթ» ընկերությունը մոտ ապագայում համապարփակ տեղեկատվություն կտրամադրի, որը հիմք կհանդիսանա համատեղ ծրագրերի մշակման համար»։

Տեսանյութեր

Լրահոս