
ՌԴ ԱՀԾ-ի տնօրեն Նառիշկինը հանդիպել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավարի հետ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նառիշկինը Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում հանդիպել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի, ամերիկյան հետախուզական հանրակցության այլ ներկայացուցիչներ հետ:
Այդ մասին հայտնել է New York Daily News թերթը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներ: Հրատարակության զրուցակիցները չեն հրապարակել կայացած բանակցությունների բովանդակությունը: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, առայժմ չի ստացվել այն բանի պաշտոնական հավաստումը, թե ամերիկյան կողմից ով է եղել Սերգեյ Նառիշկինի բանակցային գործընկերը:
Նառիշկինի՝ Վաշինգտոն կատարած այցի մասին պատմել է Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, հաղորդել է ՌԲԿ-ն: Նա չի ճշտել այցի նպատակը, բայց նշել է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների գծով շփումները շարունակվում են նույնիսկ «ամենադժվարին ժամանակ»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը նախագահի վարչակազմից պահանջել է պարզություն մտցնել Նառիշկինի այցի կապակցությամբ: «Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ պարզություն մտցնի եւ պատասխանի այս հարցին. ԱՄՆ-ի ո՞ր պաշտոնատար անձի հետ է նա հանդիպել»,- ասել է սենատորը լրագրողներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: