Թրամփը Կոնգրեսին խնդրել է օգնություն ցուցաբերել միայն ԱՄՆ-ի բարեկամ երկրներին
ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է ընդունի հատուկ օրենք, որին համապատասխան արտասահմանյան օգնություն կցուցաբերվի միայն բարեկամ երկրներին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այսօր ես խնդրում եմ Կոնգրեսին՝ ընդունել օրենք, որը կօգնի երաշխավորել, որ Ամերիկայի արտասահմանյան օգնության դոլարները ծառայելու են ամերիկյան շահերին, բաժին են հասնելու միայն նրա բարեկամներին»,- հայտարարել է նա խորհրդարանին հղած իր ուղերձում:
Պարզաբանելով Կոնգրեսին ուղղված իր խնդրանքը՝ նախագահը նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ընդունելուց հետո «տասնյակ երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկեցին ճանաչման վերաբերյալ Ամերիկայի սուվերեն իրավունքին»: Մինչդեռ, ինչպես ընդգծել է Թրամփը, «ամերիկացի հարկատուները տարեկան որպես օգնություն 20 մլրդ դոլար են ուղարկում այդ երկրներին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: