Բաժիններ՝

Թուրքիայի բժիշկները դատապարտել են խաղաղությանը կողմ հանդես եկող գործընկերների ձերբակալումը

Ստամբուլի բժիշկների միությունը և մի շարք այլ արհմիություններ ու կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի բժիշկների միության (TTB) անդամներին, ովքեր ձերբակալվել էին Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես գալու պատճառով: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հայտարարության մեջ բժիշկները նշել են, որ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, Էսքիշեհիրում, Դիարբեքիրում և Վանում իրենց գործընկերները ձերբակալվել են սեփական տներում, աշխատավայրերում, մինչդեռ նրանք որևէ հանցանք չեն գործել, այլ պարզապես տարածել են հայտարարություն, որում պաշտպանել են բժշկության արժեքները: «Որպես հասարակությանը նվիրված մասնագիտություն ունեցող անձինք՝ ինչպես այսօր, այնպես էլ վաղը շարունակելու ենք պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, խաղաղությունն ու ժողովրդավարությունը»,- նշել են նրանք:

Հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը: Պատճառը Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ հրապարակած հայտարարությունն էր, որում ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»: «Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական, հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- նշվում էր հայտարարության մեջ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս