
NASA-ն հրապարակել է Յուպիտերի մթնոլորտում մոլեգնող փոթորկի լուսանկարները

ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել է Յուպիտերի մթնոլորտում մոլեգնող հզոր փոթորկի լուսանկարները։
Ինչպես հունվարի 29-ին հայտնել է Space.com ինտերնետ-պորտալը, լուսանկարը Juno ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից արվել է անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին՝ մոլորակ-հսկային կայանի մերձենալու ժամանակ: Լուսանկարն արվել է այն պահին, երբ կայանը գտնվում էր Յուպիտերի ամպաշերտից 8 հազար 787 կիլոմետր տարածության վրա:
Կայանը, որը 2011 թվականի օգոստոսին արձակվել է«Նոր սահմաններ» ծրագրի շրջանակներում, Յուպիտերին հասել է 2016 թվականի հուլիսի 4-ին՝ հաղթահարելով 2,8 մլրդ կիլոմետր: Juno-ի վրա տեղակայված սարքավորումը նախատեսված է Յուպիտերի մթնոլորտի, ինչպես նաեւ տիեզերական ձգողության եւ մագնիսական դաշտերի ուսումնասիրման համար, մասնավորապես, մոլորակի բեւեռային շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: