
«Մեկը մեքենան էր ծախում, մեկը երաժշտական գործիքն էր ծախում, գրադարանն էր ծախում…». «Ամարասի Արթուրը» պատմում է՝ ինչպես էին շարժման օրերին զենքի համար գումար հավաքում

Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն է իրեն ներգրավել Արցախյան շարժման մեջ:
«1987 թվականի գարունն էր, Արկադի Կարապետյանն ինձ հանդիպեց, ասացի՝ «լսել եմ, որ ընդհատակում ինչ-որ բաներ եք անում, կուզեի իմանալ՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»: Ա. Կարապետյանն ասաց, որ այս պահի դրությամբ ամենադժվարը շրջաններում ստորագրահավաք կազմակերպելն է, և իմանալով, որ ես՝ որպես երաժիշտ, շատ կապեր ունեմ, ասաց՝ «եթե կարողանաս օգտագործել դա ու ստորագրահավաքները կազմակերպել, շատ շնորհակալ կլինեմ»:
Նա ինձ նրբությունները բացատրեց, ես իմ խումբը կազմակերպեցի, և ստորագրահավաք սկսեցինք: Մինչև 1988 թվականը մենք ստորագրություններ էինք հավաքում: Ա. Կարապետյանը մի օր ինձ ասաց՝ պետք է զենք էլ հայթայթենք, եթե կարողանանք դրամահավաք էլ կազմակերպենք դրա համար, շատ լավ կլինի, որովհետև պետք է պատրաստվենք: Ես սկսեցի զենքի հայթայթման միջոցներ ձեռնարկել: Մենք այն ժամանակ ինքներս էինք հավաքում, էն ժամանակ տենց բան չկար՝ սպոնսոր, բարեգործություն, ով ինչ ուներ, ծախում էր, մեկը մեքենան էր ծախում, մեկը երաժշտական գործիքն էր ծախում, գրադարանն էր ծախում, և այլն, այդ փողերը հավաքում էինք զենքի համար: Եթե կարողանում էինք, մենք էինք զենքն առնում, եթե չէ, փողն էինք տալիս Արկադիին, ինքը գտնում էր զենքը»»,- պատմեց Ա. Ալեքսանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: