
«Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատող Թուրքիայի 66-ամյա թոշակառուն կալանավորվել է

Սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության քննադատությամբ հանդես եկած Թուրքիայի 66-ամյա քաղաքացին կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Թուրք թոշակառուի դեմ ներկայացվել են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու» մեղադրանքներ:
Թուրքիայում այս օրերի ընթացքում ձերբակալվել է 311 մարդ, ովքեր սոցիալական մեդիայի իրենց էջերում դեմ են արտահայտվել «Ձիթենու ճյուղ» գործողությանը: Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ձերբակալվածները «ահաբեկչության քարոզչություն են իրականացրել»:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: