Բաժիններ՝

Պենելոպա Կրուսն այս տարի կստանա «Սեզար» ֆրանսիական մրցանակը

Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպա Կրուսն այս տարի կարժանանա ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահեղինակավոր պարգեւին՝ «Սեզար» մրցանակին: Այդ մասին այսօր հայտնել են «Սեզարի ակադեմիայում», որը հանձնում է մրցանակը։

«Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպա Կրուսը մարտի 2-ին պատվավոր «Սեզար-2018»-ը կստանա «Սեզարների» հանձնման 43-րդ արարողության առթիվ»,-ասված է Twitter-ում «Ակադեմիայի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Պենելոպա Կրուսն իր դերասանական կարիերան սկսել է 1991 թվականին՝ մասնակցելով հեռուստատեսային նախագծերի: Այսօրվա դրությամբ նրա ծառայությունների ցուցակում են՝ մի քանի տասնյակ ֆիլմերում խաղացած դերերը, անվանակարգերն ու հաղթանակները՝ միջազգային կինոմրցանակների մրցույթներում: 2009 թվականին Կրուսը դարձավ իսպանացի առաջին դերասանուհին, որն արժանացավ «Օսկար» մրցանակի. Ամերիկյան կինոակադեմիայի ոսկե արձանիկը նա ստացավ «երկրորդ պլանի լավագույն կնոջ դերը» անվանակարգում Վուդ Ալենի «Վիկի Կրիստինա Բարսելոնա» (2008 թ.) ֆիլմին մասնակցելու համար:

«Սեզար» մրցանակը կամ, ինչպես այն անվանում են, «ֆրանսիական «Օսկարը», Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ տեխնիկայի ակադեմիայի կողմից հանձնվում է 1976 թվականից: Այն այդպես է կոչվել քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունով, որը պատրաստել է արձանիկ-մրցանակները: Քվեարկությանը մասնակցում են կինոյի ոլորտի ավելի քան 3,5 հազար պրոֆեսիոնալներ՝ ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, պրոդյուսերներ, տեխնիկներ եւ այլ մասնագետներ:

Այս տարի մրցանակը կհանձնվի 43-րդ անգամ: Անվանակարգորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 31-ին: Դափնեկիրների հայտարարումը եւ պարգեւատրումը տեղի կունենա մարտի 2-ին Փարիզի Pleyel համերգասրահում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս