«Մեր վավերացումից հետո կսկսվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործումը». Էդվարդ Նալբանդյան

«ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը լուրջ հանգրվան է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին։

Հարցին, թե ե՞րբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, նախարարը պատասխանեց, որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը լուրջ, կարևոր հանգրվան է ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Ըստ նրա, այսօր մենք պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որոնք եղել են ԵՄ-ի հետ հարաբերություններում, դրա հիման վրա նախանշենք անելիքները գալիք տարիների համար։

«Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: ՀՀ-ն հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որ այս փաստաթուղթը վավերացվի մինչև ապրիլ, բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում։ Իհարկե՝ հուսով ենք, որ առանց որևէ խոչընդոտի կվավերացվի ԵՄ այլ երկրների կողմից, բայց արդեն մեր վավերացումից հետո կարող է ժամանակավոր սկսվել պայմանագրի իրագործումը, հնարավոր է, որ դա լինի մայիսի մեկից սկսած կամ հուլիսի մեկից։ Մենք շարունակելու ենք նաև մեր ակտիվ ներգրավվածությունն այն ծրագրերի շրջանակներում, որոնց Հայաստանը միացել է կամ պատրաստվում է միանալ, նկատի ունեմ «Հորիզոն 20/20», «Կոսմե». «Ստեղծարար Եվրոպա», «Միասնական ավիացիոն գոտի», և այլն։ Կարևոր է նաև, որ առավել ջանքեր գործադրվեն Եվրոպական միության երկրների հետ հարաբերությունների առավել զարգացման, ընդլայնման, ամրապնդման համար»,- ասաց Նալբանդյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս