«Հակառակորդների կողմից շահարկումներ են». Էդվարդ Նալբանդյանը՝ Նժդեհի արձանը հանելու պահանջով ՌԴ-ում սկսված ստորագրահավաքի մասին
«Պետք չէ ընկնել շահարկումների ծուղակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին է ասել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած՝ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում անցյալ շաբաթ կայացել էր կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել էին Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի և հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
«Կլոր սեղանի» ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը և մյուսները շեշտել էին, որ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Միջոցառմանը խոսվել էր նաև ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։
Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել էին, որ դրանում կա նաև Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։ Նալբանդյանն ասաց. «Դրանք շահարկումներ են որոշ մեր, թշնամի չասենք, հակառակորդների կողմից, և պարզ է, թե այդ շահարկումներն ինչու են արվում, միտումնավոր են արվում, և պետք չէ ընկնել այդ ծուղակը։ Դրա վերաբերյալ ՀՀ-ի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններն արվել են, և այդտեղ ո՛չ ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու բան կա»։