Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի էջը կրկին հաքերային հարձակման է ենթարկվել

Ադրբեջանում հունվարի 29-ի առավոտյան կրկին հաքերային հարձակման է ենթարկվել և ջնջվել ընդդիմադիր Meydan TV-ի ֆեյսբուքյան էջը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan TV-ն: Հարձակման հետևանքով ավելի քան մեկ ժամ արգելափակված են մնացել Meydan TV -ի ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն ֆեյսբուքյան էջերը:

Հունվարի սկզբից Meydan TV-ի աշխատակիցների անձնական էջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները ենթարկվում են հաքերային հարձակումների: Լրատվամիջոցի փոխանցմամբ` այս ամենը համակարգված գործողություն է Meydan TV-ի դեմ: Միջազգային փորձագետների և կազմակերպությունների կարծիքով, կայքերի արգելափակման պատճառը Ադրբեջանի իշխանությունների պատվերով կատարված կիբեռ-հարձակումներն են:

Amnesty International մարդու իրավունքների կազմակերպությունը և VirtualRoad.org կայքը գրել էին, որ ընդդիմադիր կայքերի վրա կատարված կիբեռ-հարձակումները կատարվել են նույն IP հասցեից: VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռ-խմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծել էր, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս