«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության պահպանման համար ՀՀ-ն օգտագործում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները». Էդվարդ Նալբանդյան
«ՀՀ-ն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվի»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսով:
Մասնավորապես՝ խոսելով օրերս տարածված տեղեկությունից, թե Բաքու է հասել ռուսական սպառազինության նոր խմբաքանակը, որն ուղարկվել է շփման գիծ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում, թե նույնպիսի սպառազինություն կիրառվել է ապրիլյան պատերազմի ժամանակ:
Նա ընդգծեց, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող սպառազինության վերաբերյալ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ինքը մեկ անգամ չէ, որ խոսել են, ուստի կրկնելու կարիք չկա:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվի, ներառյալ՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ-ի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերություններից, ավելի մատչելի գնելով սպառազինություն:
Նախարարը հիշեցրեց 2010 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հինգերորդ արձանագրությունը, որը վերաբերում էր ռուսական ռազմական բազայի ներկայությանը ՀՀ տարածքում, ըստ այդ արձանագրության՝ որոշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթում, որոնք վերաբերում էին նրան, որ ՀՀ զինված ուժերի հետ միասին՝ ՌԴ-ն պարտավորություն է ստանձնել ՀՀ անվտանգությունն ապահովել, պարտավորվել է ՀՀ-ին տրամադրել զենք և ժամանակակից սպառազինություն՝ այդ դրույթից բխող:
«Ակնհայտ է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարություն ունի կայունության և անվտանգության պահպանման հարցում մեր տարածաշրջանում՝ ոչ միայն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ երկիր, այլև՝ որպես այս տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունեցող երկիր»,- ասաց նախարար Նալբանդյանը: