Բաժիններ՝

Քրեական գործեր` ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Մասնավորապես, հիշյալ նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք ՀՀ-ից բացակայող Ա. Հ.-ին անձնագիր տրամադրելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 24-ին և 30-ին կազմել են Ա. Հ.-ի անունից կեղծ դիմումներ` վերջինիս Ստեփանավան քաղաքում հաշվառելու և անձնագրավորելու վերաբերյալ ու հանձնել դրանք, այնուհետև նրան ձևականորեն հաշվառել են Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 7-ին անհայտ անձին տրամադրել են Ա. Հ.-ի` ՀՀ քաղաքացու անձնագիրը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը հարուցվել է Ռ. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց որևէ հիմքի` մասնավորապես, դատարանի համապատասխան որոշման առկայության, իրեն ու իր ընտանիքի անդամներին ապօրինի վտարել են Երևան քաղաքի իր նախկին բնակարանից:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վարույթն իրականացնող քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, հակառակ դեպքում` սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված երկու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս