Բաժիններ՝

Քյոլնում ավելի քան 7 հազար մարդ բողոքում է Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Գերմանիայի Քյոլն քաղաքում բողոքի խոշոր ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Էբերտ հրապարակում սկսված բողոքի ցույցի մասնակիցները, որոնք մեծամասամբ քրդեր են, բղավում են «Դադարեցրեք Էրդողանի պատերազմը», «Եվրոպա, ամաչիր ինքդ քեզնից», «Խաղաղություն հանուն Աֆրինի»:

Համաձայն Քյոլնի ոստիկանության տվյալների՝ ցույցի մասնակցում է մոտ 7 հազար մարդ: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի:

Որպեսզի բացառվի քրդերի ու թուրքերի միջև հնարավոր բախումը ցույցի ժամանակ, այն հսկում է 2 հազար ոստիկան: Ցույցի ընթացքում արգելվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դրոշները և դրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները, սակայն թույլատրվել է Սիրիայի Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դրոշը:

Ակնկալվում է, որ բողոքի ցույցն ու երթը կտևեն մոտ 6 ժամ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս