«Թող փորձեն նախագահի հանձնարարականը չկատարել. սուբսիդավորումը պարտադիր է». Հրաչ Բերբերյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չնայած նախատեսված չի եղել դիզելային վառելիքի սուբսիդավորումը, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից այդ հարցով հանձնարարական են ստացել, և սուբսիդավորում տեղի կունենա:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահը տեղին նկատողություն է արել․ սուբսիդավորումը պարտադիր է։
«Թող փորձեն նախագահի հանձնարարականը չկատարել։ Բայց այդ սուբսիդավորումը պետք է լինի ոչ թե այնպես, որ բերեն, անորակ դիզվառելիք բաժանեն գյուղացուն, որ հետո տրակտորի շարժիչները փչանան, այլ պետք է 1 հեկտարի հաշվով գյուղացուն գումար հատկացնեն։ Մեր հաշվարկներով՝ տարբեր կուլտուրաների միջինը 25-40 հազար դրամ է կազմում՝ 1 հեկտարի հաշվով»,- ասաց նա։
Իգնատի Առաքելյանը նաև նշել է, որ դիզելային վառելիքի գինը մինչև 440 դրամ բարձրանալու հեռանկարը չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա: «Մասնավորապես՝ կարտոֆիլի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենում: Մինչև 1-1.5 դրամ։ Այսինքն՝ դա էական չէ։ Ցորենի, դաշտավարության, կերային մշակաբույսերի և հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ է կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա»։
Հրաչ Բերբերյանը, սակայն, այլ կարծիքի է. «Դա այդպես չէ, որովհետև միայն հարկերի հաշվարկով մոտ 4.5 դրամով թանկացել է կարտոֆիլի սերմացուի ներկրումը, եթե բելառուսական անորակ աղբը չէ, կամ ռուսական անհայտ ծագման սերմեր չեն, այլ Հայաստանում վերջին 15 տարում փորձարկված սերմեր են։ Դրանով մենք ենք զբաղվում, և Գյուղնախարարությունը որևէ կապ չունի կարտոֆիլագործության հետ։ 100-150 դոլարի չափով մեր գյուղացու ծախսերը մեկ հեկտարի համար թանկացել են՝ պարարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի թանկացման հետևանքով։ Եվ ես զարմանում եմ՝ մասնագետ չկա՞ Գյուղնախարարությունում, որ այդ ծախսերը հաշվարկեն։ Ինչ վերաբերում է ցորենին, ապա, եթե սուբսիդավորենք ցորենի արտադրությունը, դա կապահովի հանրապետության ցանքաշրջանառությունը։ Հարկավոր է մասնագետ լինել և հասկանալ, թե երկիրն ուր ենք տանում»։