ԱՄՆ թիմը ռեկորդային թվով մասնակիցներ կունենա Փհենչհանի Օլիմպիական խաղերում
Ամերիկայի Միացյալ Նահանգները ռեկորդային թվով մարզիկներ կուղարկի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:
Այս մասին գրում է TASS-ը: Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք «սպիտակ խաղերին» ԱՄՆ-ը կունենա 242 մարզիկ: Օլիմպիական թիմի կազմում կլինեն 107 կին և 135 տղամարդ, ովքեր կմրցեն 15 մարզաձևերում: Մասնակիցների թվում 10 օլիմպիական չեմպիոններ կան: Նախորդ՝ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին ԱՄՆ թիմում կար 230 մասնակից:
Հարավային Կորեայի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը 23-րդ «սպիտակ խաղերն» են: Խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին և կեզրափակվեն 25-ին: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: