Բաժիններ՝

Քրդերը հայտնել են Աֆրինում թուրքամետ ուժերի դեմ կատաղի մարտերի մասին

Սիրիայի Քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) Աֆրինում կարողացել են հետ շպրտել թուրքամետ ուժերի հարձակումը, ինչի հետևանքով սպանվել է 83 զինյալ: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է YPG հրամանատարության ներկայացուցիչը:

«Թուրքամետ զինյալները հարձակվել են Այն-Դակնե և Բելուլե բնակավայրերի վրա, սակայն այնտեղ արդեն նրանց սպասում էին YPG և YPJ (կանանց աշխարհազորը- խմբ.) զինյալները: Կատաղի մարտերի արդյունքում ոչնչացվել է 83 զինյալ: 66 զինյալի մարմինն ու ռազմավարը քրդական ուժերի ձեռքում է»,- ասել է նա:

Ի հավաստիացումն այս հայտարարության՝ քուրդ աշխարհազորայինները տարածել են մահացածների մարմինները ի ցույց դնող տեսագրություններ: Սեփական կորուստների մասին YPG-ն որևէ տվյալ չի հաղորդել:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս