Քրդերը հայտարարել են Աֆրինի մոտակայքում թուրքական տանկ ոչնչացնելու մասին
Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) ներկայացուցիչները Հալեպի հյուսիսում գտնվող Ռաջու շրջանում ոչնչացրել են թուրքական զինված ուժերին պատկանող տանկ: Այս մասին Աֆրինում YPG պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Մեր զինյալները կարողացել են ոչնչացնել թուրքական մի տանկ՝ դարանակալելով Քամրաշ և Ամարա գյուղերի միջև»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ լրատվամիջոցին հայտնել էր, որ Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների շրջանակում սպանվել է 3 թուրք զինվոր, ևս 16-ը վիրավորվել են:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ իրենք մտադիր են Սիրիայում ռազմական գործողություններն ընդլայնել մինչև Մանբիջ, իսկ այնուհետև նաև մինչև Իրաքի հետ սահման:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: