Բաժիններ՝

«Ոչ մեկը խելքից պակաս չէ». փոխնախարար

Եթե մի բան կա բնության մեջ, դրա ձևափոխումը միշտ խնդիրներ ու մտահոգություններ է առաջացնում։ Նման կարծիք այսօր ԱԺ-ում Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտնեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։ Նա հարցադրում արեց՝ գիտությանը հայտնի՞ է՝ արդյոք 100 տարի առաջ ցորենի գենետիկ կառուցվածքը նո՞ւյնն է եղել, ինչ հիմա, թե՞ այնուամենայնիվ փոփոխություններ կան։

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատասխանեց, որ օրենքով կարգավորվում են բույսերի օգտագործման թույլտվություն ունեցող բոլոր հարաբերությունները, բայց այդ օրենքը չի տարածվում գենային ինժեներիայի եղանակով ստեղծված և ԳՁՕ պարունակող սերմերի օգտագործման ու գրանցման վրա։ Ըստ նրա՝ ՀՀ-ում կիրառվող սերմերը նախապես անցնում են փորձաքննություն, իսկ ԳՁՕ-ներն այս պահին գիտության զարգացման նվաճման ճյուղերից մեկն է համարվում։ Փոխնախարարը նշեց, որ ԳՁՕ սերմերով զբաղեցված է 29 երկրում 170 մլն հեկտար։

«Մենք ունենք հողային սահմանափակ ռեսուրս, և մեր հիմնական նպատակն է՝ ՀՀ-ում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը, որ աշխարհի շուկայում ունենանք մեր ուրույն տեղը՝ համով, հոտով»,- ասաց Ա.Հարությունյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են շատ երկրներն արգելում ԳՁՕ-ների արտադրանքը։ Նրա կարծիքով՝ կան պատճառներ, որ արգելում են. «Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք դրանց ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա, ոչ թե բուն պրոցեսին՝ այդ սերմը գենետիկորեն մոդիֆիկացվա՞ծ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ շատ զգույշ պետք է վերաբերվենք այդ խնդրին։ Օրինակ՝ Իտալիայում արգելված է ԳՁՕ-ների օգտագործումը, կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի Իտալիայի փորձը»:

Ս.Բագրատյանը կարևորեց մակնշումը, միաժամանակ բերեց ԵԱՏՄ մյուս երկրների փորձը, որ արգելում են թե՛ մշակումը, թե՛ ներմուծումը, և կողմ արտահայտվեց դրանց ներմուծումը Հայաստան ևս արգելելուն:

Ա.Հարությունյանի կարծիքով՝ գիտնականները պետք է պատասխանեն՝ լա՞վ է, թե՞ վատ ԳՁՕ-ն, սակայն կարևոր է մարդկանց իրազեկվածությունը. «Ոչ մեկը խելքից պակաս չէ, որ զգա, որ իր առողջությանը վնաս է, և օգտագործի այդպիսի սննդամթերք: Բայց աշխարհի 29 երկրներ ոչ միայն արտադրում են, այլև օգտագործում են այդ սննդամթերքը։ Այսինքն՝ հարցը դեռևս աշխարհի մակարդակով փակված չէ, «այո»-ն ու «ոչ»-ը դեռևս պարզ չեն: Այսինքն՝ մենք այստեղ պետք է զգուշավորություն ցուցաբերենք»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս