Մադրիդը բողոքարկելու է Պուչդեմոնի առաջադրումը Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնում
Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրի Սահմանադրական դատարան դիմել Կառլես Պուչդեմոնին Կատալոնիայի կառավարության նախագահի պաշտոնում առաջադրելու կապակցությամբ։
Հունվարի 22-ին կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը հայտարարել է, որ Պուչդեմոնը կդառնա Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածուն: Հունվարի 24-ին խորհրդարանի խոսնակը Պուչդեմոնի հետ հանդիպել է Բրյուսելում: Իսպանիայի կառավարության փոխնախագահ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտնել է, որ երկրի իշխանությունները խնդրել են Պետական խորհրդին՝ եզրակացություն տալ այդ առաջադրման կապակցությամբ, քանի որ այն համարում են «օրենքին չհամապատասխանող»:
«Պուչդեմոնի կարգավիճակը նրան թույլ չի տալիս ներկա գտնվել խորհրդարանի նիստում, որտեղ քննարկվելու է Կատալոնիայի կառավարության նախագահի թեկնածությունը, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ»,-հայտարարել է Սանտամարիան մամուլի ասուլիսում: «Հենց որ նա հայտնվի Իսպանիայի տարածքում, նա պետք է ձերբակալվի»,-հիշեցրել է կառավարության փոխնախագահը:
«Տորենը չի կարող Պուչդեմոնին թեկնածու առաջարկել»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: