«Հերթական անգամ մենք կարողացանք ճիշտ հակահարված, շատ գեղեցիկ պատասխան տալ». Թևան Պողոսյանը՝ ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանի պատասխանների մասին

«Սերժ Սարգսյանի ելույթ գրողները միշտ շատ սիրուն ելույթներ են գրել, այնպես որ, չկա որևէ մի տեղ, որտեղ նրա ելույթը հաջողված չլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը՝ խոսելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի մասին:

Ըստ նրա՝ հարցուպատասխանի ժամանակ Ս. Սարգսյանի պատասխանները շատ նորմալ պատասխաններ էին. «Պատրաստված աշխատանք է եղել, որը միանգամից զգացվում էր: Կարողացել էին լավ պատրաստվել, հասկանալ, թե ինչ ձևի հարցեր են լինելու: Եթե այն ամենը, ինչ այնտեղ ասվել է, կյանքի կոչվի, կարելի է ասել՝ Հայաստանում մեծ առաջընթաց կգրանցվի»:

Թ. Պողոսյանը Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական կողմի հարցը շատ կանխատեսելի է համարում. «Շատ լավ, սիրուն պատրաստվել էին, ու հերթական անգամ մենք կարողացանք ճիշտ հակահարված, շատ գեղեցիկ պատասխան տալ»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ երեկ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է տեղի ունեցել: Հայկական կողմի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել և կրել են կորուստներ:

«Պետք է ասենք՝ ապրեն մեր տղաները, այ տենց, միշտ զգոն լինեն, շատ ավելի շուտ տեսնեն, նախապատրաստվեն և ջարդը տան: Ադրբեջանն արդեն այնքան անգամ է ապացուցել իր ոչ փոփոխական քաղաքականությունը… Միջազգային ատյաններում կխոսա, առաջնագծում կփորձի անպայման մի ձևով սրել, լարել, մենք էլ պետք է արդեն սրան սովոր լինենք ու հասկանանք, որ Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն: Նույնիսկ ԵԽ ԽՎ-ում կոչ եղավ՝ խնդրում ենք Ադրբեջանին բերել հողի վրա, օդերից իջեցրեք, թող իրավիճակի ռեալությանը նայի, դրանից ավելի ի՞նչ կարելի է անել նման բարձր ատյաններում»,- նշեց Թ. Պողոսյանը:

Ս. Սարգսյանը բարձրացրեց այն հարցը, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Հարցին՝ հայտարարություններից և կոչերից բացի՝ միջազգային կառույցներն ի՞նչ կարող են անել, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Սանկցիաներ մտցնեն: Երբ իրենց պետք է, կարողանում են, շատ լավ ձևերը գտնում են, դե, թող անեն: Այսօրվա դրությամբ իրենց շահերից չի բխելու, չեն անելու: Այն օրը, երբ միջազգային ատյանները կզգան, որ իրենք էլ ունեն խնդիր, իրենք էլ ձեռ ու ոտ կընկնեն»:

Տեսանյութեր

Լրահոս