Բաժիններ՝

ԱՄՆ-ում Թրամփի մասին գրքի արդեն 1,7 մլն օրինակ է վաճառվել. CNN

Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ եւ ցասում: Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի վաճառքների ծավալն ԱՄՆ-ում կազմել է 1,7 մլն օրինակ թղթե, թվային ու աուդիո ձեւաչափերով: Ներկայում այդ ստեղծագործույթծան պահանջարկն արդեն չի գերազանցում առաջարկը, ինչպես որ առաջ էր: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Henry Holt and Co հրատարակչությունից ստացված տվյալներին: Նրա հաշվարկների համաձայն՝ «ներկայում տպագրված է գրքի 1,5 մլն օրինակ կարծր շապիկով»:

Ինչպես նշում է CNN-ը, Վուլֆը դեռեւս հեռու է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հաջողությունից: Նրա «Հարրի Փոթերը եւ Մահվան ընծաները» գիրքը 2007 թվականին 8,3 մլն տպաքանակով վաճառվել էր միայն առաջին 24 ժամվա ընթացքում: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքի է հանվել հունվարի 9-ին եւ բեսթսելլեր է դարձել ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը չէր ակնկալում դառնալ ԱՄՆ-ի նախագահ, նրա կինը՝ Մելանյան, շփոթահար էր առաջին տիկինը դառնալու հեռանկարից, իսկ Թրամփի մի քանի խորհրդականներ անհանգստացած էին նախագահի հոգեկան առողջությունից:

Սպիտակ տունը կտրականապես ժխտում է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ է ուղարկել Վուլֆին եւ հրատարակչին՝ պահանջելով կասեցնել գրքի հրատարակումն ու տարածումը:

Ավելի վաղ Hollywood Reporter-ը հայտնել է, որ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում է միլիոնավոր դոլարների: Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս