Սարգսյանին հաջողվեց շահել հավակնոտ ֆրանսիացու վստահությունը

Նախորդ երեք օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Այցն, ըստ էության, բաղկացած էր երկու մասից՝ առաջինը Փարիզում, որտեղ նախագահ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի գրեթե ողջ ղեկավարության հետ, երկրորդը՝ Ստրասբուրգում, որտեղ հանրապետության ղեկավարը հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ ղեկավարության հետ և ելույթ ունեցավ Վեհաժողովի նիստում:

Թեև իրենց նշանակությամբ Սերժ Սարգսյանի այցի օրակարգի բոլոր կետերն էլ խիստ կարևոր էին, այդուհանդերձ ամենաառանցքային իրադարձությունն, անշուշտ, Հայաստանի նախագահի հանդիպումն էր Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այցի արդյունքները մեկնաբանելու համար անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն քննարկված հարցերին, հանդիպումներին, դրանց մասնակիցների շրջանակին, այլև աշխարհաքաղաքական և Ֆրանսիայի ներքին այն կոնտեքստին, որի պայմաններում Հայաստանի ղեկավարն այցելել էր այդ երկիր:

Պոպուլիզմի հակաթույնը

Անցած տարի Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տոնեց մինչ այդ հրապարակային քաղաքականության մեջ ոչնչով աչքի չընկած Էմանուել Մակրոնը, ով պաշտոնը ստանձնելու պահին չէր բոլորել նույնիսկ 40-ամյակը և այդ ցուցանիշով Ֆրանսիայի առաջնորդների ցանկում Նապոլեոնի ժամանակներից ի վեր բացարձակ ռեկորդակիր է: Ընտրությունների արդյունքների աննախադեպությունն այսքանով չէր սահմանափակվում: Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարի պաշտոնին տիրանում է գործիչ, ով չի ներկայացնում Ֆրանսիայի քաղաքական երկբևեռ համակարգի համար դասական դարձած աջերին ու ձախերին: Ըստ որում՝ Մակրոնին հաջողվում է ընտրությունների առաջին փուլում հետևում թողնել «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Ֆիյոնին և սոցիալիստ Բենուա Ամոնին: Իսկ երկրորդ փուլում արդեն նա ստանում է թե մեկի, թե մյուսի աջակցությունը:

Ի սկզբանե վերլուծաբանները ֆրանսիական քաղաքական դաշտի այս աննախադեպ կոնսոլիդացիան պայմանավորում էին Մարին Լը Պենի ֆենոմենով. կար կարծիք, որ համախմբվածությունն անհրաժեշտ է Լը Պենի առաջ քաշած ծայրահեղական մոտեցումներին դիմադրելու համար: Շատ կարճ ժամանակ անց, պարզ դարձավ, որ տեխնոկրատ Մակրոնը, ով փայլուն կրթություն և փայլուն ֆինանսական ու վարչական կարիերա ունի, ոչ միայն լավագույն դեղատոմսն է Արևմուտքում թափ հավաքող պոպուլիզմի դեմ, այլև թարմ շունչ է լճացած քաղաքական միջավայրի համար, միաժամանակ նաև՝ հավակնոտ մի գործիչ, ով ունակ է վերականգնել Ֆրանսիայի սասանված հեղինակությունը:

Կարճ ժամանակ անց Մակրոնին հաջողվեց ապացուցել իր վրա դրված բարձր հույսերը. նա մի շարք որոշումներով ազդակ տվեց թե դեպի ներս, թե դեպի արտաքին աշխարհ, որ Ֆրանսիան այլևս կառավարում է մի մարդ, ով քիչ ընդհանրություններ ունի իրեն նախորդած Օլանդի ու Սարոկզիի հետ: Ընդգծված եվրոպամետությունը, աշխարհում Ֆրանսիայի սուբյեկտության հարցում մաքսիմալիզմն իրենց զգացնել տվեցին անմիջապես: Մակրոնը պաշտոնը ստանձնելուց հետո երկու ամսվա ընթացքում հասցրեց հանդիպումներ ունենալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ: Հատկապես Թրամփի հետ հանդիպումից հետո CNN-ն արձանագրել էր. «Ոսկու է վերածվում այն ամենն, ինչին դիպչում է Մակրոնը»: Պատճառը Մակրոնի ինքնավստահությունն ու բանակցությունների օրակարգ թելադրելու կամքն էր:

Բոլոր հանդիպումների արդյունքները փորձագետները մեկնաբանեցին հօգուտ Մակրոնի և Ֆրանսիայի: Հենց այս հանգամանքն էլ, թերևս, Մակրոնին օգնեց, որպեսզի իր իսկ ստեղծած «Առաջ հանրապետություն» կուսակցությունը, որը Ֆրանսիայի նախագահի բնորոշմամբ «ոչ աջակողմյան, ոչ ձախակողմյան» ուժ է, մեկ այլ կենտրոնամետ կուսակցության՝ «Ժողովրդավարական շարժման» հետ 2017-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնի՝ ստանալով 577 մանդատներից 350-ը: Փաստացի Մակրոնին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում ձևավորել նոր ուժ, միանգամայն նոր որակի, որին հաջողվեց տրանսֆորմացնել Ֆրանսիայի երկկուսակցական քաղաքական համակարգը:

Կարծիք կա, որ այս տպավորիչ արդյունքները Մակրոնի անձնական հատկանիշների և մոտեցումների արդյունք են, որոնք եթե բանաձևենք, ապա կհնչի այսպես. ռացիոնալ և պրագմատիկ մոտեցում բոլոր հարցերում և ձգտում, որպեսզի պարտնյորները հարգեն քեզ:

Հայկական աննախադեպ ներկայություն

Ֆրանսիական քաղաքական իրականության աննախադեպ իրողությունները չեն սահմանափակվում միայն նախագահի տարիքով ու քաղաքական կողմնորոշմամբ: Իրավիճակն աննախադեպ է նաև հայության համար: Էլիտայի թարմացման գործընթացում Մակրոնը մոռացության չի մատնել ֆրանսիական հասարակության համար խիստ կարևոր սեգմենտը՝ հայկական համայնքը: Արդյունքում՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Առաջ, Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված հայկական ծագում ունեցող 5 թեկնածուներից 4-ն ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավոր: Նրանք են Ժակ Մարիլոսյանը, Գիյոմ Կասբարյանը, Դանիելը Կազարյանը և Նադիա Էսայանը (ըստ որում՝ վերջինս պաղեստինցի է, իսկ ամուսինը լիբանանահայ է): Հարկ է նկատել, որ ևս մեկ հայուհի՝ Էվլին Ռընո-Գարաբետյանը հանդիսանում է Սենատի անդամ: Սա իսկապես աննախադեպ է, եթե հաշվի առնենք, որ մինչ այս Ֆրանսիայի խորհրդարանում ընդամենը մեկ հայ էր եղել՝ Պատրիկ Դևեջյանը:

Արտաքուստ թվում է, թե աննախադեպ ներկայացվածությունը լուրջ ձեռքբերում է, սակայն խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա ընդամենը հնարավորություն է, որը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:

Բանն այն է, որ Ֆրանսիայի հայ համայնքը թեև քաղաքական դաշտում անմիջական ներկայացվածություն չի ունեցել, սակայն տասնամյակներ շարունակ ավանդաբար սերտ հարաբերություններ է ունեցել թե աջերի, և թե ձախերի հետ: Բնականաբար, ֆրանսիական ներքաղաքական կյանքի տեկտոնական տեղաշարժերի պայմաններում հայկական համայնքային կառույցներն ու առաջնորդները չէին կարող անմիջապես արդյունավետ համագործակցություն հաստատել Էմանուել Մակրոնի ու նրա կողմից ձևավորվող նոր էլիտայի հետ: Իսկ ծագումով հայ այն գործիչներն, ովքեր այսօր ընդգրկված են ֆրանսիական խորհրդարանում, իրենց հերթին՝ չթաքցնելով իրենց ծագումն ու հայկական արմատները, ընդգրկված չեն եղել հայկական համայնքային կյանքում և, հետևաբար, չեն կարող լիարժեք ներկայացնել հայության և Հայաստանի շահերը:

Այս իրավիճակում, բնական է, որ հայկական օրակարգն առաջ մղելու համար պետք է արդյունավետ օգտագործել ծագումով հայ պատգամավորների հնարավորությունները: Հասկանալի է, որ համայնքային կյանքից օտարված գործիչներին այդ ուղեծիր բերելու համար խիստ կարևոր պիտի լիներ Հայաստանի նախագահի հետ հանդիպումն ու դրա արդյունքները:

Պատասխան այցի պատրաստակամություն

Ներկայացվածն այն ամբողջ կոնտեքստն է, որի պայմաններում Սերժ Սարգսյանն այցելել էր Ֆրանսիա: Եթե հակիրճ, ապա նա խնդիր ուներ նախ՝ դրական և տպավորիչ շփում հաստատել ֆրանսիացի գործընկերոջ հետ, ով համաշխարհային քաղաքական ծագող աստղի համբավ ունի, երկրորդ՝ նոր քաղաքական իրողությունների ֆոնին համախմբել ֆրանսահայության ներուժը: Միանգամից նշենք, որ դատելով պաշտոնական լրահոսից՝ երկու խնդիրներն էլ արդյունավետ լուծում են ստացել:

Նախագահ Սարգսյանի այցը սկսվեց Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությամբ, որին ավանդաբար մասնակցում էին նաև հայ համայնքի ներկայացուցիչները: Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական կյանքում վերջիններիս ներդրումների մասին ավանդական ջերմ խոսքերի ֆոնին միանգամայն տպավորիչ և ոգևորիչ էր փաստը, որ աշխարհահռչակ Փարիզը Երևանից ընդօրինակելու բան է գտել. ճանաչվելով Եվրոպայի ամենանորարար քաղաք՝ Փարիզն անցած տարի 1 միլիոն եվրո մրցանակ է ստացել, որը մտադիր է ծախսել «Թումո» կենտրոն հիմնելու վրա, ճիշտ այնպիսին, ինչպիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր վերջին այցելության ընթացքում տեսել է Երևանում:

Պակաս կարևոր ու տպավորիչ չեն եղել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ հանդիպումները. Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժին և Սենատի նախագահ Ժերար Լարշեն հետաքրքրվել և անձամբ նախագահ Սարգսյանից են ստացել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում են իրենց՝ սկսած Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունից մինչև Արցախյան հիմնախնդրի կարգավորում: Հետաքրքիր է, որ ֆրանսիացի պաշտոնյաները խիստ բարձր գնահատականներ հնչեցնելով հայ-ֆրանսիական քաղաքական գործակցության մասին՝ ցանկություն են հայտնել զարկ տալ նաև տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

Ֆրանսիայի խորհրդարանում առանցքային էր, անշուշտ, հանդիպումը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբերի անդամների հետ: Ազգային ժողովում խմբի ղեկավարը հայազգի Ժակ Մարիլոսյանն է, իսկ նրա տեղակալներն են կրկին հայազգի Գիյոմ Կասբարյանն ու հայ հանրությանը ծանոթ Վալերի Բուայեն: Հատկանշական է, որ Ժակ Մարիլոսյանն իր խոսքում տեղեկացրեց, որ հունիսին պատրաստվում են ֆրանսիացի գործընկերների պատվիրակությամբ այցելել Երևան: Ավելին՝ նա տեղեկացրեց, որ աշխատելու են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ և կոնկրետ Գիյոմ Կասբարյանն այդ ուղղությամբ հետևողական ու ինտենսիվ աշխատանք է տանելու: Մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են. շփումը ֆրանսահայ պատգամավորների հետ արդյունավետ է, առկա է համագործակցության ցանկություն: Առաջ անցնելով նշենք, որ իր խոսքում Էմանուել Մակրոնը ևս ցանկություն է հայտնել կուսակիցների հետ ուշադրության ներքո պահել Ֆրանսիայի հայ համայնքի կյանքը: Արդեն հաջորդ շաբաթ նա կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ճաշին:

Համայնքից զատ, սակայն, Մակրոնը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները: Դատելով Ելիսեյան պալատում Հայաստանի նախագահին ֆրանսիական արարողակարգի ողջ հմայքով ընդունելությունից, հարցերի լայն շրջանակ ընդգրկող օրակարգով բանակցություններից, հանդիպմանը հետևած ճեպազրույցում տրամադրություններից ու հնչեցրած գնահատականներից, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների շփումն իսկապես եղել է կառուցողական ու անցել է փոխվստահության մթնոլորտում: Իսկ փաստը, որ Մակրոնը հայտարարել է այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստան ժամանելու մտադրության մասին, հուշում է, որ բանակցություններն իսկապես արդյունավետ են եղել: Ընդամենը մի պարբերությամբ Մակրոնը փոխանցեց թե՛ իր վերաբերմունքը Հայաստանին, թե՛ իր բնորոշումը նրա անցյալի ու ապագայի հանդեպ, թե՛ իր գնահատականը ներկայիս իրավիճակին ու մարտահրավերներին. «Ես վերահաստատեցի, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արևմուտքի և Արևելքի հատման վայրում կայուն և ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած ճանապարհը՝ որպես առաջամարտիկ: Դուք գտնվում եք բարդ հարևանությամբ մի տարածաշրջանում, և ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար, ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում»: Քաղաքական ոլորտում առավելագույնի ձգտել թերևս չարժե: Այս իմաստով Սերժ Սարգսյանի ձեռքբերումն ակնհայտ է. համաշխարհային առաջնորդության ձգտող Ֆրանսիայի նախագահը հրապարակավ հայտարարեց Հայաստանի կողքին լինելու մասին: Կասկած չկա, որ նա նույնը կանի նաև Հայաստանում՝ իր սպասվող պետական այցի ընթացքում:

Շատ ավելի կարևոր է, որ Էմանուել Մակրոնը, ինչպես և Հայաստանի նախագահը, և Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները, իր հերթին ևս կարևորեց հայ-ֆրանսիական տնտեսական կապերի աշխուժացումը: Զբոսաշրջություն, վերականգնվող էներգետիկա, սննդի արդյունաբերություն. Ահա այն ոլորտները, որոնցում ըստ Մակրոնի, ֆրանսիական ընկերությունները կարող են և պետք է ներդրումներ անեն Հայաստանում, որեպսզի «տնտեսական կապերին դինամիզմ հաղորդվի»: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ այս ոլորտում մեծ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին:

Եթե ամփոփենք, պետք է ասենք, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց շահել Ֆրանսիայի հավակնոտ նախագահի վստահությունն ու աջակցությունը:

Կնյազ Սարոյան
քաղաքագետ

Տեսանյութեր

Լրահոս