«Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել». Սերժ Սարգսյան
Տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով` կարելի է վստահորեն առաջ շարժվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Մենք 2009-2010 թվականից ենք բանակցում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Այդ ժամանակաշրջանը համընկավ Եվրասիական տնտեսական միության հետ մեր բանակցություններին: Եվ ԵԱՏՄ-ի պատասխանատուները, և ԵՄ-ի պատասխանատուները շատ հստակ գիտեին, որ երկու ինտեգրացիոն միավորումների հետ էլ ընթանում է բանակցային գործընթաց: Սկզբնական փուլում և մեկը, և մյուսը ողջունում էին մեր մոտեցումը: Եկավ մի ժամանակահատված, երբ ԵՄ-ի մեր գործընկերները համարեցին, որ անհնար է համատեղել այդ երկու ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը:
Մենք ստիպված եղանք որոշում կայացնել անդամակցելու ԵԱՏՄ-ին, որովհետև Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ԵԱՏՄ տնտեսություններին, մենք ունենք բազմադարյա հարաբերությունների պատմություն, բարեկամություն, ՀՀ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` մինչև 80 տոկոսը, կողմնակից էր ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցելուն»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, ի պատիվ ԵՄ-ի պաշտոնյաների, ժամանակը փոփոխություններ մտցրեց մտածելակերպում, և արդեն Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում որոշում կայացվեց տարբերակված մոտեցման, որոշում կայացվեց, որ իրոք հնարավոր է համատեղել տարբեր ինտեգրացիոն կառույցներում մասնակցությունը:
«Մենք սկսեցինք ինտենսիվ բանակցություններ և, ինչպես տեսնում եք, մենք եկանք ճիշտ հանգրվանի: Նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք համաձայնագիր: Իմ կարծիքով, այս համատեղելու նախապայմանը շատ պարզ մի բան է, պետք է անկեղծ լինել գործընկերների հետ և չթաքցնել բանակցությունների ընթացքը, պարտավորությունները: Եթե մի ինտեգրացիոն գործընթացներում ձեր պարտավորությունները չեն հակասում մեկ այլ փաստաթղթով ստանձնած պարտավորություններին, ապա ինչու չի կարելի համագործակցել: Ես կարծում եմ՝ մենք այդ փորձը ունենք, ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ լինելով, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,- ավելացրեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի կարծիքով, ապագայում սերտորեն համագործակցություն է լինելու ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև: Ըստ նրա` ապագան այդ համագործակցությանն է: Այն խնդիրները, որոնք այսօր կան և կարող են առաջանալ նաև վաղը, նախագահի կարծիքով, զարգացմանը չեն օժանդակում, դրանք մեծ ռեսուրսներ են խլում, իսկ այդ ռեսուրսներսը կարելի է օգտագործել մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: