Երևանում 25-ամյա աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում․ հայտնի է բժշկական հետազոտման արդյունքը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:
2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգասենյակում հունվարի 21-ի երեկոյան հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1992թ. ծնված Ս.Կարապետյանի դին: Արաբկիրի քննչական բաժնում նույն օրը՝ հունվարի 22-ին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
Բժշկական նախնական հետազոտման արդյունքների համաձայն՝ երիտասարդ կինը մահացել է շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Նախնական տվյալներով՝ ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման ապահովումն իրականացնող ընկերության համապատասխան պատասխանատու աշխատակցի կողմից ծառայությունները մատուցվել են ոչ պատշաճ, ինչի հետևանքով առանձնատան լոգասենյակում խախտվել է բնական գազի օգտագործման անվտանգությունը, որի հետևանքով էլ նույն տան բնակչուհին շմոլ գազից թունավորում ստանալու հետևանքով մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: