«ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար». Սերժ Սարգսյան
Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ եվրոպական երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում: ԵԽԽՎ-ում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Եվրոպայի խորհրդում ունեցած ձեռքբերումների մասին հարցին: «Ե’վ 2016, և’ 2017 թվականներին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները իրենց զեկույցներում արձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև վերը նշվածը հիմնավորող օրինակ բերեց. «2008 թվականին, երբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք և շատ լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ Եվրոպայի խորհրդի հետ, և մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ: Դրանից 10 տարի անց մենք արդեն խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին»,- ասաց ՀՀ նախագահը:
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին` ՀՀ նախագահը հիշեցրեց, որ 2 ամիս առաջ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրել է համագործակցության նոր պայմանագիր, որը շատ լավ հեռանկարներ է բացում Հայաստանի զարգացման համար: «Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում` անկախ նրանից, թե եվրոպացիները մեզ այդպիսիք համարում են, թե ոչ: Ուստի մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ, եվրոպական կառույցների հետ բխում է մեր համոզմունքից, և որևէ մեկը մեզ չի պարտադրում»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: