«Եթե խոսքը զուտ ձևական նշանակման մասին լիներ, ապա շատ ավելի թույլ ֆիգուրի կնշանակեին». Վիգեն Հակոբյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելը ցույց է տալիս, որ բացի Սահմանադրության մեջ նշված նախագահի ֆորմալ գործառույթներից, որոնք ավելի շատ ներկայացուցչական են, պաշտոնների նշանակող մարդիկ ավելի լայն լիազորություններ են ուզում փոխանցել կոնկրետ Արմեն Սարգսյանին։

«Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանն ունենալու է որոշակի գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, այսինքն՝ կապված թե՛ ներդրումների, թե՛ արտաքին տնտեսական քաղաքականության հետ, ինչպես նաև՝ արտաքին քաղաքականությունում ունենալու է որոշակի գործառույթներ։ Սերժ Սարգսյանն ու այն խումբը, որ նոր Սահմանադրությանը համապատասխան՝ կառավարման համակարգը ձևավորում են, փորձում են հերթական քայլն անել՝ նշանակել առանցքային պաշտոններում հերթական մարդուն, որը, ընդհանուր առմամբ, չի ընկալվում՝ որպես համակարգի անմիջական ծնունդ։ Այս առումով ստեղծվում է բավականին ճկուն հակակշիռների համակարգ, երբեմն էլ, եթե անհրաժեշտություն լինի՝ փոխլրացման»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ Հակոբյանի՝ և՛ Հայաստանում, և՛ յուրաքանչյուր երկրում շատ բան կախված է կոնկրետ անձից. «Եթե նույնիսկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չէ, այնուամենայնիվ, մի բան է՝ փոխվարչապետ լինի Սերժ Սարգսյանը, մի այլ բան է, եթե այդ պաշտոնին լինի այլ անձնավորություն։ Շատ բան կախված է լինելու կոնկրետ անձից։ Մենք շատ պաշտոնյաներ գիտենք, որոնք խորհրդական են, բայց ցանկացած նախարարից ավելի մեծ ազդեցություն ունեն։ Տվյալ դեպքում, եթե խոսքը զուտ ձևական նշանակման մասին լիներ, ապա շատ ավելի քիչ ամբիցիոզ, շատ ավելի թույլ ֆիգուրի կնշանակեին, դա զուտ թոշակառու պաշտոն կլիներ։ Այստեղ կա նպատակ՝ համակարգում այդ հակակշիռների մեխանիզմը հնարավորինս օգտագործել, խնդիրը միայն այն է, թե դա կլինի Սերժ Սարգսյանի վարչապետության կարգավիճակո՞վ, թե՞ առանց դրա»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս