Սոբչակին հրավիրել են ավանդական նախաճաշի ԱՄՆ-ի նախագահի մասնակցությամբ
ՌԴ-ի նախագահի թեկնածու, լրագրողուհի եւ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հրավիրել են ԱՄՆ՝ փետրվարի 1-ին կայանալիք աղոթքի նախաճաշին, որին ավանդաբար ներկա է լինում ԱՄՆ-ի նախագահը: Այդ մասին հայտնել է Սոբչակի մամուլի քարտուղար Քսենյա Չուդիկովան:
«Հնարավոր է՝ Քսենյան այցելի այդ միջոցառում: Եթե ստացվի, նա ներկա կլինի»,- հունվարի 24-ին «Ինտերֆաքս»-ին ասել է Չուդիկովան։ Այս տարի տեղի կունենա արդեն 66-րդ նման «նախաճաշը», որն ամեն տարի կազմակերպում են փետրվարի առաջին հինգշաբթի օրը:
Նախաճաշը կազմակերպում է ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ Fellowship Foundation քրիստոնեական կազմակերպության հետ մեկտեղ, դրան հրավիրվում են գործարարության, քաղաքականության ներկայացուցիչներ, հասարակական եւ կրոնական գործիչներ, ընդամենը շուրջ 3 հազար մարդ մի քանի տասնյակ երկրներից: