«Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է L’Express պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Մակրոնի հետ հանդիպումից ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի:
«Անցել է 25 տարի այն բանից, երբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ, որոնք շարունակում են խորանալ: Մեր ժողովուրդները միմյանց հետ կապված են դարերով, բայց այդ կապը դարձել է ավելի ամուր վերջին տարիներին՝ տնտեսական, մշակութային, գիտական կրթական ոլորտներում: Մանկապարտեզից մինչև համալսարան մասնագիտական՝ ավագ դպրոցի միջոցով ֆրանսիական կրթությունը մեր երկրում բավականին ներկայացված է»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը, միաժամանակ, հիշեցրել է, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: «Ֆրանսիան հանդիսանում է առանցքային գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է գլոբալ և ընդլայնված շրջանակային համաձայնագիր, որը մեզ առաջարկում է նոր հնարավորություններ: Այդ համաձայնագրի արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը»,- ասել է ՀՀ նախագահը: