Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում փախստականների թիվը կարող է աճել
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտավախություն է հայտնել, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության հետևանքով այդ տարածքներից տեղահանվող անձանց թիվը կարող է աճել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայում իրականացվող յուրաքանչյուր մարտական գործողություն հանգեցնում է բնակիչների տեղահանման: Մենք այսպիսի օրինակներ տեսել ենք Իդլիբում, որտեղ իրենց տներից հեռացավ ավելի քան 200 հազար մարդ: Ես կցանկանամ հուսալ, որ այս գործողությունը չի հանգեցնի նման հետևանքների, սակայն ցանկացած ռազմական գործողություն հանգեցնում է վերաբնակեցման»,-նշել է Գրանդին:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ: