«Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն». Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի 2 հազար տարվա պատմություն ունեցող հարաբերություններն Իրանի հետ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար: «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական»,- Սերժ Սարգսյանը նշել է ֆրանսիական L’Express պարբերականի հետ զրույցում:
«Կցանկանայի հիշեցնել, որ Թեհրանը մշտապես պաշտպանել է չեզոք և բալանսավորված վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին ու նրանց մշակույթը»,- ասել է նախագահը:
Հարցին՝ Հայաստանին մտահոգում է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ Նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի գնահատմամբ ունի բացառիկ կառուցողական բնույթ: «Ուրախ եմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»,- ասել է Սարգսյանը: