Ջիգարխանյանի ընկերը պատմել է արտիստի վիճակի մասին
Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ նա իրեն նորմալ է զգում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Անցած շաբաթ Սողոմոնյանը հայտնել էր, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է վիրուսի պատճառով:
«Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել, այժմ նա տանն է, իրեն նորմալ է զգում, հնարավոր է՝ երկուշաբթի գնա թատրոն»,-ասել է Սողոմոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Արմեն Ջիգարխանյանը, որը հոսպիտալացվել էր հունվարի 17-ին, դուրս է գրվել Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր, ռեժիսորի վիճակը բավարար է:
Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր Մոսկվայի իր թատրոնից: Ավելի վաղ հաղորդվել է, որ բժիշկները նրա մոտ նեւրալգիա էին կասկածում, նրանք նաեւ չԷին բացառում, որ արտիստը կարող էր ախտահարվել վիրուսով: Կատարվել է բուժզննում, սրտագրություն, ռենտգեն եւ այլ ընթացակարգեր, Ջիգարխանյանի մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:
Հունվարի 21-ին բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել էին սրտաբանության բաժանմունք, որտեղ նա կարդիոմոնիթորինգ է անցել, քանի որ բժիշկներն անհանգստացած էին վիրուսի պատճառով սրտի աշխատանքի բարդացումներից: