
«Հայկ Մարտիրոսյանը իր խաղով և տեսակով շատ օգտակար կլինի Հայաստանի հավաքականին». Լպուտյան

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով, Հայաստանի նոր չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը նոր ուժ կլինի հավաքականի կազմում:
«Հայկից սպասելիքները շատ մեծ են: Դեռևս նախորդ տարի նա կարող էր դառնալ Հայաստանի չեմպիոն: Շատերիս համար սպասելի էր Հայկի այս հաղթանակը: Նա իր խաղով և տեսակով շատ օգտակար կլինի Հայաստանի հավաքականին: Հայաստանի այս առաջնությունն ընթացավ լարված պայքարում: Մի քանի շախմատիստներ հավակնում էին չեմպիոնի կոչմանը: Տղամարդկանց 78-րդ առաջնությունը որակապես բարձր ստացվեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լպուտյանը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակն եզրափակեց՝ Արման Փաշիկյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը խոսեց նաև կանանց առաջնության մասին՝ մասնավորապես փաստելով. «Մարիա Կուրսովան հրաշալի առաջնություն անցկացրեց: Աննա Սարգսյանը, ով բավականին լավ դիրքերում էր, վերջում չդիմացավ լարվածությանը: Եղավ այն, ինչ պատկերացնում էինք»:
Կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրեց Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը: