«Ես ինքս կողմ եմ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմանը». «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը համաձայն է, որ գնաճը պայմանավորված է նաև Հարկային օրենսգքրի մի շարք փոփոխություններով: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները նկատեցին, որ գնաճի պայմաններում ընդդիմադիրները բարձրացնում են աշխատավարձերի ինդեքսացիայի խնդիրը:
«Ի՞նչ է նշանակում՝ աշխատավարձի ինդեքսացիա: Դու կարո՞ղ ես գործատուին ասես՝ աշխատավարձը բարձրացրու: Մասնավոր հատվածին մենք ո՞նց ենք ասելու: Եթե դնես նվազագույն աշխատավարձի ինդեքսացիա, դա օրենքով սահմանված դրույթ է, կարող ես ասես՝ նվազագույնը ոչ թե 55 հազար է, այլ, օրինակ, 70 կամ 80 հազար: Պետությունը չի կարող գործատուներին կոչ անի՝ բարձրացրեք, դա պետք է իրավական ակտերով լինի, իսկ նման գործիք, որով նա ասի՝ աշխատավարձերը բարձրացրեք, դա նվազագույն աշխատավարձի բարձրացումն է: Բնականաբար, ես ինքս կողմ եմ, դեմ չեմ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմանը, որովհետև շատ ժամանակ մարդու ես հանդիպում, ասում է՝ 55 հազար եմ ստանում: 55 հազարով նա մինչև այդ կազմակերպության դուռը չի հասնի, ուր մնաց՝ 8 ժամ մնա, աշխատի»,- նկատեց Վ. Համբարձումյանը: Հարցին՝ ձեր մտահոգությունները բարձրացրե՞լ եք, Վ. Համբարձումյանը պատասխանեց, որ իրենց խորհրդում նման քննարկում չի եղել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: