Քրդերն ու Էրդողանի կողմնակիցները ծեծկռտուք են սարքել Հաննովերի օդանավակայանում
Գերմանիայի Հաննովեր-Լանգենհագեն օդանավակայանում ծեծկռտուք են սարքել քուրդ ցուցարարներն ու թուրք ուղեւորները, երկու հոգի թեթեւ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Տուրուդմփոցը հունվարի 22-ի երեկոյան տեղի է ունեցել թերմինալ B-ում: Քրդերն այնտեղ հանպատրաստից ցույց էին կազմակերպել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:
Ինչպես նշում է Hannoversche Allgemeine թերթը, նրանք մեղադրանքներ էին հնչեցնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին: Ի պատասխան թուրք ուղեւորները, որոնք սպասում էին դեպի Ստամբուլ չվերթին, հարձակվել են նրանց վրա:
Նախնական տվյալներով՝ տեղում գտնվում էր շուրջ 180 մարդ: Ոստիկանները հարկադրված են եղել պղպեղագազ կիրառել ծեծկռտուքի քսան մասնակիցների դեմ իրադրությունը վերահսկողության տակ առնելու համար:
Ուժայինները հետաքննություն են սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: