Բաժիններ՝

«Հասարակությանն ամենևին չեն հետաքրքրում թանկացումների արդարացումները». Մեսրոպ Առաքելյան

«Թանկացումները, ցավոք, մեր իրականության անբաժանելի մասն են կազմում, առաջին անգամ չենք ականատես լինում նման գործընթացի։ Հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները՝ թանկացումների ազդեցությունն ավելի ցավոտ է լինում հասարակության զգալի հատվածի համար, քանի որ միայն պաշտոնական տվյալներով մոտ 1 մլն աղքատ բնակչության պարագայում առաջին անհրաժեշտության ապրանքների նույնիսկ մի փոքր թանկացումը լրացուցիչ ծախս է առաջացնում այդ ընտանիքների համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով թանկացումների շարունակականությանն ու ծավալվող դժգոհության ալիքին։

Սակայն, ըստ նրա, այս թանկացումներն իրենց բնույթով որոշ չափով տարբերվում են, հաշվի առնելով, որ դրանցում կա նաև նոր գործոն՝ Հարկային օրենսգրքի ընդունումը, որով պայմանավորված՝ որոշ ապրանքատեսակներ թանկացել են հարկերի բարձրացման արդյունքում, և զուգահեռ՝ այլ ապրանքատեսակների թանկացումները, պայմանավորված միջազգային գների բարձրացմամբ կամ նաև ոչ օբյեկտիվ պատճառներով, բերել է մի այնպիսի իրավիճակի, որ այսօր առաջին անհրաժեշտության ապրանքների զգալի մասում թանկացումն էական է, որն աշխատավարձերի, թոշակների արդեն մի քանի տարի նույն մակարդակի վրա մնալու պարագայում բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում։

Դիտարկմանը, որ հունվարի 23-ին ԱԺ-ում լսումներ են կազմակերպվելու, և իշխանությունը մարդկանց բացատրելու է թանկացումների պատճառը, Մ.Առաքելյանը պատասխանեց, որ հասարակությանն ամենևին չեն հետաքրքրում թանկացումների արդարացումները, տնտեսագիտական բարդ մոդելների կամ ուղղակի հարկային օրենսգրքի մեկանաբանություններով մարդիկ չեն հարստանալու, և նրանց ծախսերը չեն նվազելու։ Նրա խոսքով՝ հասարակությանը հետաքրքրում է, որ հնարավորինս իրենց փոքր ընտանեկան բյուջեով կարողանան հոգալ իրենց ծախսերը։

Հետևաբար, տնտեսագետի կարծիքով, իշխանության կողմից նույնիսկ ամենաճշգրիտ տնտեսագիտական բացատրություններն ամենևին այն չեն, ինչի սպասում է հասարակությունը, և բողոքն արդարացի է։

«Այն, որ այս պահին հասարակության դժգոհությունները մնում են բավականին փոքր մակարդակի վրա, ցավոք, դրան ականատես ենք լինում նաև այլ խնդիրների պարագայում, քանի որ հասարակությունը ոչ թե չի դժգոհում ներկա վիճակից, այլ հասարակությունը չի ակնկալում այս խնդրի լուծումը բողոքի ակցիաների միջոցով։ Սակայն իշխանությունների մոտ արդեն տրամադրվածություն է նկատվում, կազմակերպված լսումներ, ինչ-որ խորհրդակցություններ են անում, և ես ակնկալում եմ, որ առաջիկայում, կախված նաև հասարակության ընդվզման մակարդակից, իշխանությունը որոշակի զիջումերի կգնա, ինչին մենք ականատես ենք եղել նաև նախկինում կուտակայինի, էլեկտրաէներգիայի սակագների պարագայում, և չեմ բացառում, որ իշխանություններն ընդդիմությունից ավելի շուտ կնախաձեռնեն Հարկային օրենսգրքի որոշակի փոփոխություն կամ որոշ ոլոտներում սուբսիդիաների կիրառման միջոցով կփորձեն առաջին անհրաժեշտության ապրանքների մասվ իրականացնել գների որոշակի իջեցում»,- ասաց Մ.Առաքելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս