«Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ներկա դրությամբ քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ: Այդ մասին կառավարության ղեկավարը նշել է «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի գյուղատնտեսական ապարանքների՝ Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացնելու ներուժ և կա՞ն խնդիրներ այդ ուղղությամբ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: «Մեզ մոտ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ժամանակակից, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը: Դա և նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումն է, անցումը նոր կաթիլային ոռոգման համակարգի, և գյուղտեխնիկայի պետական լիզինգային ծրագիրը, և շատ հասանելի վարկերը, և հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար պետք է ընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Բնականաբար, այս ամենը չի կարող չարտացոլվել մեր գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման վրա, ինչը դինամիկ կերպով աճում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է արտահանման խնդիրներին, ապա Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում լոգիստիկայի հետ: «Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ են՝ կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Ներկա դրությամբ քննարկվում են լոգիստիկ այլընտրանքային տարբերակներ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական արտադրանքի ներկայացման մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք նպաստում են արտահանման աճին և նոր շուկաներում հայտնվելուն»,- ասել է վարչապետը: