«Սերժ Սարգսյանն իրեն լիարժեք հանրապետական չի համարում». Նարինե Դիլբարյան
«Մենք ռեալ փոփոխություններ չենք ունենա, մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը չդադարի իշխել, իսկ նրա գործելակերպը և օրինակը շարունակում է մնալ չափազանց արդիական և կիրառելի։ Երբ ՀՀՇ-ի հետ հակասություններ առաջացան՝ Տեր-Պետրոսյանը բարեփոխումներ արեց ԱԺ-ում, հետո բերեց Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա ՀՀԿ-ում չկա հավաքական կուսակցական գաղափար, կա Սերժ Սարգսյանի գաղափարաբանությունը, որն առայժմ չափազանց հաջողակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նախ՝ վարչապետի, ապա՝ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ից դուրս մարդիկ նշանակում, ՀՀԿ-ում կադրեր չկա՞ն, ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը այդքան էլ հանրապետական չէ.
«Սերժ Սարգսյանն իրեն լիարժեք հանրապետական չի համարում։ Կուսակցությունների չկայացումն անգամ անկուսակցական մարդու համար վտանգավոր երևույթ է։ Ցավոք, միայն ինձ չի թվում, որ կուսակցությունից դուրս մարդիկ հրավիրելը ՀՀԿ-ի կայացած չլինելու մասին է վկայում»։ ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը համամիտ չէ այս տեսակետին. «Մեր ուղեգիծը ազգային-պահպանողական գաղափարախոսության պահպանումն է։ Դրա մեջ մտնում են նաև մարդիկ, որոնք ունեն այդ հնարավորությունը։ Գալիս է մի պահ, երբ բոլորին էլ կարող են ցտեսություն ասել։ Գաղափարից չես հրաժարվում, եթե այլևս հնարավորություն չունես ծառայելու այդ կուսակցությանը, կարող ես ցտեսություն ասել, բայց գաղափարը մնում է քո ներսում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում