«Ո՞ւմ նախագահն է լինելու Արմեն Սարգսյանը․ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան Նարինե Դիլբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչն էր. «Նա եկավ վարչապետ՝ փոխարինելու Հրանտ Բագրատյանին, որի հարաբերությունները լարված էին Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հետ, և կարծես Արմեն Սարգսյանը, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Վաչե Մանուկյանի թիմից, եկավ լիցքաթափելու ստեղծված լարվածությունը։ Այսինքն՝ նա կարծես այդ լիցքաթափող ուժերից մեկը լինի, որին հիշեց նաև Սերժ Սարգսյանն այս պահին։ Նրա մեջ նկատելի է նաև անգլիական ձևով հեռանալու հատկանիշ․ այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հետ գաղափարական և մեթոդների բախումը ռեալ էր, որը ցույց տվեց, որ ինքը չի կարող աշխատել, գնաց և նրան փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, որին դարձյալ Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց՝ համակշռելու համար Վազգեն Սարգսյանի՝ գնալով հզորացող ազդեցությունը։ Հիմա չափազանց հետաքրքիր է, թե ում համակշռելու համար է գալիս Արմեն Սարգսյանը»։

Դիլբարյանն այն կարծիքին չէ, թե փոփոխված Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը լայն լիազորություններ չի ընձեռում. «Հանրապետության նախագահն ունի բավականին լիազորություններ, նաև՝ կառավարության հրաժարականն ընդունելու, ազդելու արտաքին քաղաքականության և մնացյալի վրա»։

Նա շեշտադրեց այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը փափուկ և հանգիստ չեկավ, այլ եկավ ինչ-որ պայմաններով. «Առաջադրեց այն գաղափարը, որ պետք է բանակցություններ վարի Սփյուռքի և Արցախի Հանրապետության հետ՝ դրանով ցույց տալով, որ իրեն վերապահում է լուրջ լիազորություններ։ Ընդ որում՝ լինելով բարեկիրթ անձ՝ իր արժեքը բարձր է գնահատում։

Այսքան երկար ժամանակ, լինելով Մեծ Բրիտանիայի դեսպան, դժվար է ասել, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար մեծ ծրագրեր է իրականացրել և մեծ աշխատանք է կատարել, թեև բոլորը գիտեն, որ նա ունի ֆինանսական մեծ հզորություն։ Արմեն Սարգսյանը, լինելով եվրոպական գործիչ, նրա գործունեության ոչ բոլոր դրվագներն են հրապարակային, նա փակ գործիչ է։ Նա արքայազն Չարլզին բերեց Հայաստան, բայց թե դրանից հետո ինչ հետևեց Անգլիա-Հայաստան հարաբերություններում դրական առումով, դժվար է ասել»։ Դիլբարյանը նկատեց, որ Արմեն Սարգսյանի հետ քաղաքական տարբեր շրջանակներում հույսեր են կապում. «Բացի այդ՝ մի հետաքրքիր հարցադրում կա, որի պատասխանը, կուզեի՝ Արմեն Սարգսյանը տար՝ ո՞ւմ նախագահն է լինելու Արմեն Սարգսյանը․ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի։ Եթե կարողանա ցուցաբերել ինքնուրույն քաղաքական վարքագիծ, ապա նա կարող է արդարացնել այդ հույսերը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս