«Կանաչ «Ժիգուլին» հրելը, չեմ կարծում, շատ կրեատիվ մտածության արդյունք է, այն էլ՝ ջորի, անպտուղ կենդանի». Աղվան Վարդանյան
«Մեր գործընկերները բողոքում են, որ կարտոֆիլը թանկացրել է: Կարտոֆիլն էլ հո կառավարությո՞ւնը չի թանկացրել, մեր գյուղացու արտադրանքն է: Նույն սեղմած գազը 20 դրամով է բարձրացրել, ճիշտ այնքան, ինչքան հարկային բեռը։ Բայց այստեղ խնդիր կա՝ սեղմված գազի որակի և մեքենաները լցնելու չափի հետ կապված, դժգոհություններ կան, և պետական մարմինները պարտավոր են այս մասին ևս մտածել։
Իհարկե, ես ուրախ կլինեի, որ օբյեկտիվ, հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա շատ ավելի լայն աջակցություն գտներ, ուրախ կլինեի, եթե մեր գործընկերները շատ ավելի կրեատիվ մտածողություն ունենային, կանաչ «Ժիգուլին» հրելը, չեմ կարծում, շատ կրեատիվ մտածության արդյունք է, այն էլ՝ ջորի, անպտուղ կենդանի, բայց ունենք այն, ինչ ունենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, թե տնտեսական փոփոխությունները երկրում ակնհայտ են, որը հիմք է հետագայում սոցիալական խնդիրներին լուծում տալու համար:
Ըստ նրա՝ «Ելք» դաշինքի անցկացրած երթին հասարակության մասնակցության մակարդակն ու աջակցության չափն ու ծավալները ցույց տվեցին գնաճից հանրության դժգոհության չափը. «Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, ապա պետք է ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, ինչպես ենք պատրաստվում հետագայում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Իսկ կառավարության 2017թ. գործունեությունը, կարծում եմ, պետք է ձեր աչքի առաջ լիներ, և նման արդյունավետ աշխատանք մենք վերջին տասնամյակում, թերևս, չենք ունեցել բոլոր ցուցանիշների առումով»:
Ա.Վարդանյանի խոսքով՝ 2.5 տարի առաջ բենզինի գինը նույնն էր, ինչ հիմա, իսկ այդ ընթացքում աշխատավարձերի բարձրացում չի եղել։ Ամեն դեպքում նա համաձայնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որ բենզինի այլընտրանքը սեղմած գազն է, նաև, որ Հայաստանում նկատվող գնաճը սարսափելի չէ: