««Ելքն» ԱԺ լսումների ժամանակ ջախջախելու է բոլոր հնարածին փաստարկները». Գևորգ Գորգիսյան

Փետրվարի 5-ին «Ելք» դաշինքը կանցկացնի թանկացումների դեմ պայքարի հերթական երթը։ Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, այս ընթացքն օգտագործելու են՝ խոսելու համար եղած թանկացումների և սպասվող շղթայական թանկացումների մասին։ Ըստ նրա՝ գազն ու դիզվառելիքը վերջին օրերին կրկին թանկացել են, ինչը շատ մտահոգիչ է, քանի որ, եթե ակցիզներով պայմանավորված է թանկացումը եղել, այս նոր թանկացման պատճառը հայտնի չէ, և դա լուրջ է։

«Վաղվա խորհրդարանական լսումները մի նպատակ ունեն՝ հանրության աչքերը փակելու, իմիտացիա ստեղծելու, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ինչ-որ չափով մտահոգված են թանկացումներով, թեև դրանց աղբյուրը մեկն է՝ Հարկային օրենսգիրքը, որը դեռ նախորդ տարվա նոյեմբերին բյուջեում նախատեսված էր, և այս թանկացումներից ստացվող եկամուտների ծախսերը նույնպես բյուջեում նախատեսված են եղել»,- ասաց Գ. Գորգիսյանը՝ հավելելով, որ վաղվա լսումներին ոչ միայն մասնակցելու են, այլև ջախջախելու են բոլոր հնարածին փաստարկները։

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե «Ելքի» երթի ընթացքում ջորի քշելը կրեատիվ չէր, Գ.Գորգիսյանը նշեց, թե ՀՅԴ-ի կողմից ավելի կրեատիվ նախաձեռնություն վերջին 125 տարում չեն տեսել։

«Թանկացումներն իրոք այն տեմպերն ունեն, որի մասին խոսում ենք։ Փետրվարի 5-ին երթ անցկացնելը պայմանավորված է նաև նրանով, որ մարդիկ ստանալու են իրենց աշխատավարձերը, որ ավելի պակաս են լինելու, և հաջորդ երթին շատ ավելի մարդ է լինելու, քանի որ ամեն օր ինչ-որ ապրանք թանկանում է»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ կուտակային կենսաթոշակային փոփոխությունների դեմ իրենց ակցիաներն էլ սկզբում բազմամարդ չէին, սակայն հետո 15-հազարանոց հավաքներ էին լինում, և այս երթը խոստումնալից սկիզբ է։

 

Տեսանյութեր

Լրահոս